Մահվան ելքով վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։
2017թ. մարտի 19-ին՝ ժամը 09:30-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Զանգեր-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, և կան տուժածներ:
Նախնական քննության տվյալներով ՝ 2017թ. մարտի 19-ի վաղ առավոտյան Երևան քաղաքի բնակիչ Ա.Մուխսիյանն իր կողմից վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է դեպի ԼՂՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղ։ Ավտոմեքենայի մեջ են գտնվել վարորդի ծնողները, եղբայրը՝ նշանածի հետ։
Ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 199-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել աջակողմյան ձորը, ինչի արդյունքում ուղևորները՝ վարորդի մայրը և եղբոր նշանածը, ստացած վնասվածքներից տեղում մահացել են, իսկ վարորդը և 2 մյուս ուղևորները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ 2017թ. մարտի 19-ին ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
Կատարվել է դեպքի վայրի, դիակների զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով: