Մամուլի հրապակարկման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ գերեզմանից գողություն կատարելու դեպքի առթիվ. կասկածյալի ինքնությունը պարզվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ գերեզմանից հափշտակություն կատարելու դեպքի առթիվ, որի քննությամբ պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Լոռու մարզային քննչական վարչության պետի հանձնարարությամբ ստուգվել են «Lorinews.am» կայքէջում «Սրբապիղծներն անցել են բոլոր սահմանները, գողություն Վանաձորի զինվորական պանթեոնից» վերտառությամբ հոդվածում մատնանշված հանգամանքները։
Պարզվել է, որ 2015 թվականի հոկտեմբերի 26-ից հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ հանցագործություն կատարած անձը Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցին հարակից գերեզմանատանը՝ հանգուցյալ Զորիկ Գևորգյանի գերեզմանից, գաղտնի հափշտակել է Անի Գևորգյանին պատկանող զգալի չափերով արհեստական ծաղիկներ:
2015 թվականի նոյեմբերի 14-ին Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ հանցանքը կատարել է Վանաձորի մի բնակչուհի: Վերջինիս նկատմամբ 2015 թվականի նոյեմբերի 30-ին որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: