Լրահոս
02.05.16, 09:04

Մատակարարված ապրանքի դիմաց ստացած գումարները չի մուտքագրել դրամարկղ. նախաքննությունն ավարտվել է

Մատակարարված ապրանքի դիմաց ստացած գումարները չի մուտքագրել դրամարկղ. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է առաքիչի կողմից իրեն վստահված խոշոր չափի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախնական քննությամբ պարզվել է, որ Երևանի 44-ամյա բնակիչը 2015 թվականի հունիսից աշխատել է ՓԲ ընկերությունում  որպես առաքիչ եւ հանդիսացել մատակարարված ապրանքի վաճառքից գոյացած գումարի համար պատասխանատու անձ։

2015 թվականի սեպտեմբերի 12-ին իրեն ամրակցված ավտոմեքենայով դեղորայք է մատակարարել  մեկ տասնյակից ավելի դեղատների, եւ վերցրել մատակարարված ապրանքների գումարները, որոնք չի մուտքագրել ընկերության դրամարկղ՝ յուրացնելով դրանք:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է քրեական գործի նախաքննության օրինակության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: