Լրահոս
01.06.16, 12:03

Մեղադրանք է առաջադրվել` 33-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու համար

Մեղադրանք է առաջադրվել` 33-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Կապանի բնակիչ Ս.Դավթյանին՝ 33-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու համար:

2016 թվականի մայիսի 29-ին «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում էր ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչ Ե.Հովհաննիսյանը:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2016թ. մայիսի 28-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Ս. Դավթյանը, գտնվելով թեթև աստիճանի ալկոհոլային խմածության վիճակում, Կապանի Հ.Ավետիսյան փողոցի շենքերից մեկի մոտ հանդիպել է գործով տուժողին, ով նույնպես գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ։ Վերջինս Ս. Դավթյանից պահանջել է օղի գնել իր համար, ինչի պատճառով  առաջացել է  վիճաբանություն, որի ընթացքում Ս. Դավթյանն իր մոտ գտնվող խոհանոցային դանակով 3 անգամ հարվածել է տուժողին:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ս. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (առողջությանը ծանր վնաս պատճառելը): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: