Լրահոս
07.04.15, 10:13

Մեղադրանք է առաջադրվել՝ առևանգելու համար

Մեղադրանք է առաջադրվել՝  առևանգելու համար

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Երեւանի բնակիչ Ա.Մանուկյանի առեւանգման մի շարք հանգամանքներ. առերևույթ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձը կալանավորվել է։

 

Քաղաքացի Ա.Մանուկյանը 2015 թվականի ապրիլի 1-ին գրավոր հաղորդում է ներկայացրել, որ  2015 թվականի փետրվարի 6-ին Երևան քաղաքի Գ.Նժդեհի հրապարակում գտնվող սրճարանի մոտից իրեն առեւանգել են  և 22 օր պահել Կիլիկիա թաղամասում գտնվող տաքսի ծառայության նկուղային հարկում:

 

Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ապրիլի 2-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

 

Նախաքննության ընթացքում Ա.Մանուկյանը ճանաչվել է տուժող: Ձեռնարկված քննչական եւ դատավարական միջոցառումների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը։ Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա քաղաքացի Կ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: