Լրահոս
03.04.15, 14:52

Մեղադրանք է առաջադրվել ավելի քան 112 մլն դրամի յուրացում կատարելու համար

Մեղադրանք է առաջադրվել ավելի քան 112 մլն դրամի յուրացում կատարելու համար

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՍՊԸ-ի մարկետինգի մենեջերին՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար։

 

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ քաղաքացի Ավանեսյանը 2009 թվականի օգոստոսին աշխատանքի է ընդունվել ՍՊԸ-ի խոհանոցային սարքավորումների վաճառքի բաժնում՝ որպես մարկետինգի մենեջեր: Քննությամբ պարզվել է, որ մենեջերը յուրացրել է 2010-2014 թթ. ընկերությանը պատկանող խոհանոցային սարքավորումների վաճառքից գոյացած առանձնապես խոշոր չափի գումարը՝ 112.564.750 ՀՀ դրամը։

 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: