Լրահոս
24.11.15, 07:09

Մեղադրանք է առաջադրվել՝ «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում սաների նկատմամբ բռնություն գործադրելու, ֆինանսական չարաշահումներ կատարելու համար

Մեղադրանք է առաջադրվել՝ «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում սաների նկատմամբ բռնություն գործադրելու, ֆինանսական չարաշահումներ կատարելու համար


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված բազմածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են հաստատության  տարբեր պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում, վատնում կատարելու, ուսումնադաստիարակչական գործընթացի ժամանակ մի շարք սաների ֆիզիկական և հոգեկան տառապանք պատճառելու դեպքեր։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ ֆինանսական բնույթի չարաշահումներն արձանագրվել են 2004-2014թթ., իսկ սաների նկատմամբ բռնությունները՝ 2010-2014թթ.։

2001 թվականի ապրիլի 17-ից «Բյուրեղավան քաղաքի թիվ 4 գիշերօթիկ դպրոց» ՀՄ-ի տնօրենի, իսկ 2007 թվականի հոկտեմբերի 01-ից մինչև 2014 թվականի մայիսի 02-ը նույն դպրոցի իրավահաջորդ՝ «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնն զբաղեցրել է Գ.Մարգարյանը։

Նախնական քննության տվյալներով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու միասնական հանցավոր մտադրությամբ՝ 2004-2014թթ. ՊՈԱԿ-ում որպես աշխատակիցներ հրամանագրվել են փաստացի աշխատանքներ չկատարող մի շարք անձինք. 2004  թվականին հրամանագրվել է երկու անձ, որոնց թիվը 2007թ. դարձել է երկու տասնյակից ավելի, ովքեր փաստացի չեն ներկայացել աշխատանքի, սակայն նրանց տվյալները ներառվել են  աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող տեղեկագրերում՝ այդպիսով կեղծելով դրանք, որոնք հաստատվել են տնօրենի ստորագրությամբ։

Կազմվել են աշխատավարձի հաշվարկի կեղծ փաստաթղթեր, և նշված անձանց անունով ելքագրվել աշխատավարձերի, ամենամյա արձակուրդայինների գումարները, որոնք յուրացվել են, վատնվել։

Բացի այդ, նախնական քննության ընթացքում  բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ նշված ուսումնական հաստատությունում տողանների, ինչպես նաև ուսումնադաստիարակչական գործընթացի այլ փուլերում՝ 2010-2014 թվականների ընթացքում, պարբերաբար բռնություն է գործադրվել, տնօրենի բնորոշմամբ, «կարգազանց» անչափահաս սաների նկատմամբ՝ նրանց պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք: Տուժած երեխաների թիվը հասնում է 14-ի։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված երեք անձանց նախկինում առաջադրված մեղադրանքի ծավալը փոխվել է և նոր մեղադրանք առաջադրվել։

ՊՈԱԿ-ի տնօրեն Գ.Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերով յուրացում, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձանապես խոշոր չափերով վատնում կատարելու, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, և 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ երկու կամ ավելի անչափահասներին ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Գլխավոր հաշվապահ Փ.Մարտիրոսյանին և կադրերի գծով տեսուչ Ա.Հոփսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է և գործն ուղարկվել դատարան՝ ըստ էության քննելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: