Մեղադրանք է առաջադրվել՝ Երևանում երկու անձի դանակահարության համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հուլիսի 9-ին Երևանում երկու անձի ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
2016 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ կտրած-ծակած թափանցող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 1995 թ. ծնված երկու երիտասարդ:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Ստեղծվել է քննչական խումբ:
Քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցում գտնվող սուպերմարկետի հարակից տարածքում 1995թ. ծնված երեք երիտասարդ վիճաբանել են անձնական հարցերի շուրջ, որն ավարտվել է նրանցից երկուսի դանակահարությամբ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ հուլիսի 13-ին 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: