Մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության փորձ կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել Կապան քաղաքի երկու բնակչի:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Կապան քաղաքի բնակչուհին՝ ծնված 1981թ, հեռախոսակապի միջոցով ծանոթացել է «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հետ, որից հետո 38-ամյա կինը սկսել է տեսակցել նրան: 2019թ. փետրվարի 18-ին 1983թ. ծնված կալանավորը, հեռախոսազրույցի ընթացքում տեղեկանալով, որ հաջորդ օրը՝ փետրվարի 19-ին, 38-ամյա կինը պատրաստվում է այցելել իրեն, խնդրելով դրդել է նրան վերցնել Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի շենքերից մեկի մուտքի էլեկտրական հաշվիչների պահման արկղի վրա առկա փաթեթը և գաղտնի տեղափոխելով՝ փոխանցել իրեն:
Համաձայնելով նշված առաջարկին՝ Կապան քաղաքի 38-ամյա բնակչուհին մատնանշված վայրից վերցրել է զգալի չափերով՝ 7.54 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի փաթեթը, թաքցրել այն ներքնազգեստի մեջ և իր վրա կրելով ՝2019 թվականի փետրվարի 19-ին փոխադրել քրեակատարողական հիմնարկ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել. քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից, սահմանված կարգով, կատարված անձնական խուզարկության ժամանակ թմրամիջոցը հայտնաբերվել է և վերցվել:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 38-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն օժանդակելու փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-268-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 35-ամյա կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: