Լուրեր Զինվորական քննչական գլխավոր վարչությունից
26.11.15, 14:58

Մեղադրանք է առաջադրվել երկու զինծառայողի. գործը դատարանում է

Մեղադրանք է առաջադրվել երկու զինծառայողի. գործը դատարանում է


ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է ծառայության ընթացքում 21-ամյա զինծառայողի կողմից գողություն կատարելու և 19-ամյա զինծառայողի կողմից շորթում կատարելու, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու, ծառայության վայրն ինքնակամ թողնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ժամկետային զինծառայող, ջոկի հրամանատար Հ.Պետրոսյանը դրդել է մեկ այլ զինծառայողի՝ կրտսեր սերժանտ Ա.Գալստյանին կատարել գողություն։ Մասնավորապես՝ նախ պարտքով նրան տված ծխախոտների դիմաց պահանջել է վերադարձնել 3.000 ՀՀ դրամ,  ապա ավելացրել գումարի չափը  մինչև 15.000 դրամի՝ սահմանված ժամկետում պարտքը չտալու պատճառաբանությամբ, և որպես վերջնաժամկետ սահմանել 5 օրը՝ սպառնալով գումարը չտալու դեպքում բռնություն գործադրել և ծառայության ընթացքում ստեղծել անցանկալի պայմաններ։

Նախնական քննության տվյալներով՝ Հ.Պետրոսյանի դրդմամբ, վերջինիս պարտքը  վերադարձնելու նպատակով Ա.Գալստյանը 2015 թվականի հունիսի 10-ին մուտք է գործել զորամասի բուժկետի բժշիկների համար նախատեսված սենյակ, հափշտակել է «Այֆոն 5 էս» տեսակի բջջային հեռախոս և հանձնել Հ.Պետրոսյանին։

Բացի այդ, պարզվել է, որ գողությունից օրեր անց Հ.Պետրոսյանը, սեփական անձի վարկանիշը բարձրացնելու շարժառիթով, խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները և վիճաբանել Ա.Գալստյանի հետ, բռնություն գործադրել նրա նկատմամբ։ Բացի այդ, բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև Հ.Պետրոսյանի կողմից զորամասն ինքնակամ լքելու վերաբերյալ։


Նախնական քննությամբ բացահայտվել են գողության այլ դրվագներ ևս։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2014թ. Ա.Գալստյանի մասնակցությամբ գրանցվել է գողության ևս 2 դեպք. մի դեպքում զինծառայողներից մեկի ծոցագրպանից հափշտակել է 17.000 ՀՀ դրամ, մյուս դեպքում՝ շարքային  զինծառայողի «Սամսունգ -5330» տեսակի բջջային հեռախոսը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 21-ամյա զինծառայող Ա.Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 1-ին մասով:

19-ամյա զինծառայող Հ.Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով, 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 359-րդ հոդվածի 1-ին մասով և 361-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: