Մեղադրանք է առաջադրվել՝ համագյուղացուց գողություն կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Նոր Արտամետ գյուղում համագյուղացուց գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն գյուղի 23-ամյա բնակչին:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2017 թվականի օգոստոս ամսին, Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի բնակիչը՝ ծնված 1995թ., ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, անցնելով համագյուղացուն պատկանող տնամերձի ցանկապատի վրայով, մուտք է գործել հողամասի տարածք, որից հետո բաց պատուհանից մտել է պահեստարան հանդիսացող վագոն տնակ, որտեղից կատարել է հափշտակություն՝ պատճառելով զգալի չափերով գույքային վնաս:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: