Մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու համար. խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է խոշոր չափերով կեղծ փողեր, արժեթղթեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ձեռք բերված ապացույցների համակցությամբ երկու անձի մեղադրանք է առաջադրվել։
Ձեռնարկված քննչական և դատավարական միջոցառումների արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ կեղծ թղթադրամների և մետաղադրամների պատրաստման հանգամանքները, եղանակը։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Տ.Եգանյանը, լինելով ֆինանսական ծանր կացության մեջ, որոշել է իրացման նպատակով պատրաստել 200 և 500 անվանական արժեքով մետաղադրամներ: Ինտերնետից ծանոթանալով պատրաստման եղանակին՝ ձեռք է բերել պղնձե մետաղներ և նմուշամանի մեջ հարվածների միջոցով ստացել կրկնօրինակը: Այդպիսով, պատրաստել և մետաղադրամներն իրացրել է կրպակներում ու երթուղային տաքսիներում:
2014 թվականի վերջերին, վախենալով, որ հնարավոր է բացահայտվի կատարված հանցագործությունը, Տ.Եգանյանը որոշել է այլևս չզբաղվել դրանով: 2015 թվականի մարտի սկզբներին հանդիպել է համածառայակից Տ.Ավետյանին: Խոսակցության ընթացքում երկուսն էլ դժգոհել են ֆինանսական վիճակից ու համաձայնություն ձեռք բերել կեղծ թղթադրամներ պատրաստելու և իրացնելու հարցի շուրջ։ Համակարգչի և տպիչ սարքի միջոցով պատրաստվել են 1.000 և 10.000 ՀՀ դրամ անվանական արժեքներով կեղծ թղթադրամներ։
Նախաքննության շրջանակներում ձեռնարկված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում առգրավվել են մետաղադրամներ պատրաստելու գործիքներն ու պարագաները, այն համակարգիչն ու տպիչ սարքը, որոնց միջոցով պատրաստվել են կեղծ թղթադրամները, ինչպես նաեւ 1.000 և 10.000 ՀՀ դրամ անվանական արժեքներով կեղծ թղթադրամների տպագրված օրինակները և թղթադրամները կտրելու պարագաները:
Հայտնաբերված ՀՀ դրամ անվանական արժեքներով թղթադրամների վերաբերյալ նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Տ. Ավետյանին և Տ.Եգանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: