Լրահոս
19.02.16, 13:02

Մեղադրանք է առաջադրվել թիվ 32/18 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու համար

Մեղադրանք է առաջադրվել թիվ 32/18 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու համար


ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 32/18 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը:

Քրեական գործով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ  2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 32/18 ընտրատեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկված Ց.Սարիբեկյանի և Վ.Բաղդասարյանի անունների դիմաց կեղծ տվյալներ է ներառել և նրանց փոխարեն քվեարկել նշված հանձնաժողովի անդամ Լ.Սուքիասյանը։

Քննության արդյունքներով որոշում է կայացվել  Ց.Սարիբեկյանի և Վ.Բաղդասարյանի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացնել մեկ վարույթում և ձեռք բերված ապացույցների հիման վրա թիվ 32/18 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Լ.Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով՝ 2 անձի փոխարեն քվեարկելու համար։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: