Լրահոս
    27.01.16, 16:27

    Մեղադրանք է առաջադրվել թիվ 5/21 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին՝ երեք տարբեր անձանց փոխարեն քվեարկելու համար

    Մեղադրանք է առաջադրվել թիվ 5/21 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին՝  երեք տարբեր անձանց փոխարեն քվեարկելու համար


    ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործերով պարզվել են թիվ 5/21 ընտրատեղամասում  երեք տարբեր անձանց փոխարեն քվեարկություն կատարելու հանգամանքները։

    Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ թիվ 5/21 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված Արտաշես Թարխանյանի,Վահագն Դանիելյանի և Ալբերտ Սահակյանի փոխարեն քվեարկել է նույն ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Թ.Վարդանյանը։

    Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասը՝ քննիչը որոշում է կայացրել՝ նշված անձանց փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացնել մեկ վարույթում, և ձեռք բերված ապացույցների հիման վրա Թ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով՝ երեք անձի փոխարեն քվեարկություն կատարելու համար։

    Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

    Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: