Լրահոս
25.02.15, 13:55

Մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանության սերժանտին պատանդ վերցնելու և նրանից զենք հափշտակելու համար

Մեղադրանք է առաջադրվել՝ ոստիկանության սերժանտին պատանդ վերցնելու և նրանից զենք հափշտակելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ոստիկանության սերժանտի զենքը հափշտակելու և նրան պատանդ վերցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ 

Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Իսպիրյանը 2014 թվականի հոկտեմբերի 22-ին մուտք է գործել Ապարան-Երևան ջրագծի վրա տեղակայված պահակակետ, որտեղ ծառայությունն իրականացնում են ոստիկանության աշխատակիցները, և պատանդ վերցրել ոստիկանության սերժանտին։ 

Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ ոստիկանության ծառայողի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ Իսպիրյանը հափշտակել է ոստիկանին ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը, ապա նախապես իր հետ վերցրած պարանով կապել նրա ձեռքերը և վերցրել որպես պատանդ։ 

Վերջինիս ազատ արձակելու դիմաց պահանջել է կալանքից ազատ արձակել նախնական կալանքի տակ գտնվող իր եղբորը, ով մեղադրվում է ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ։ 

Բանակցությունների ընթացքում տեսնելով, որ իր հանցավոր մտադրությունը ձախողվում է, և ոստիկանության աշխատակիցներն արդեն իսկ շրջապատում են՝ պատանդ վերցրած ոստիկանին թողնելով պահակետում՝ Իսպիրյանը դիմել է փախուստի։

Բացատրական աշխատանքների արդյունքում ժամեր անց նա հանձնել է հափշտակած հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ս.Իսպիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 218-րդ հոդվածի մասի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով:

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և գործն ուղարկվել է դատարան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: