Մեղադրանք է առաջադրվել՝ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի 23-ամյա բնակչին:
Նախնական քննությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչը՝ ծնված 1994թ., 2010 թվականի հունվարի 17-ին ՊՆ Գյումրիի զինկոմիսարիատում անցել է կցագրում, ապա, հասնելով զորակոչային տարիքի՝ մինչև 2016 թվականի հունիսի 15-ը, ուսման կապակցությամբ ստացել է տարկետում, որից հետո 2016թ. ամառային զորակոչին ներկայացել է Գյումրիի զինկոմիսարիատ: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 23-ամյա երիտասարդը ԿԲՀ-ի 14.07.2016թ և 28.07.2016թ որոշումներով ճանաչվել է պիտանի զինծառայությանը՝ սահմանափակումով, սակայն չի ներկայացել և առանց ծառայությունից ազատվելու՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի՝ խուսափել է ժամկետային զինվորական ծառայության 2016թ. ամառային զորակոչից:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: