Մոր և նրա դստեր մահը վրա է հասել հերձման պահից 48 ժամ և ավելի առաջ՝ ստացած բազմաթիվ վնասվածքներից. հայտնել են դատաբժիշկները
![Մոր և նրա դստեր մահը վրա է հասել հերձման պահից 48 ժամ և ավելի առաջ՝ ստացած բազմաթիվ վնասվածքներից. հայտնել են դատաբժիշկները Մոր և նրա դստեր մահը վրա է հասել հերձման պահից 48 ժամ և ավելի առաջ՝ ստացած բազմաթիվ վնասվածքներից. հայտնել են դատաբժիշկները](https://investigative.am/storage/files/2018/02/1518782865,477.jpeg?token=623b7c9dda4f2218f3b90c61928edf66f1f6ba7c)
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ պարզելու 1981թ. ծնված Գ.Հարությունյանի և նրա դստեր մահվան բոլոր հանգամանքները։
Դիակները հայտնաբերվել են 2018 թվականի փետրվարի 15-ին՝ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ հողածածկ հատվածում։ Նախնական վարկածով՝ կինը և նրա դուստրը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել են Դավթաշենի կամրջից ընկնելու հետևանքով։
Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի և 110-րդ հոդվածի 1-ին մասերով, ստեղծվել է քննչական խումբ, մշակվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ, հարցաքննվել են բազմաթիվ անձինք։
Մոր և դստեր մահվան՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել։ Այսօր կատարվել է դիահերձումը, որի արդյունքներով դատաբժիշկները հայտարարել են, որ նրանց մահը վրա է հասել հերձման պահից 48 ժամ և ավելի առաջ՝ ստացած բազմաթիվ վնասվածքներից։
Քրեական գործով պարզվել է նաև, որ փետրվարի 13-ի երեկոյան՝ ժամը 20-ի սահմաններում, կինը 2009թ. ծնված դստեր հետ այցելել է «ՏաշիրՊիցցա» արագ սննդի կենտրոնի Դավթաշենի մասնաճյուղ և պատվիրել պիցցա, վերցրել այն և դուրս եկել։ Հարակից տարածքում առկա արտաքին տեսանկարահանող սարքերի միջոցով փորձ է արվում պարզել նրանց երթուղին։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ մոր և նրա դստեր անհետ կորելու վերաբերյալ ահազանգը ոստիկանությունում ստացվել է փետրվարի 13-ին՝ ժամը 22։25-ին։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ում մի քաղաքացի ահազանգել էր, որ նույն օրը՝ ժամը 18-ի սահմաններում, մայր և աղջիկ տանից դուրս են եկել և դեռ չեն վերադարձել։
Արաբկիրի քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: