Մխչյան բնակավայրի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ թմրամիջոցներ պարունակող մեծ քանակությամբ բույսեր աճեցնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար (տեսանյութ)
2023թ. օգոստոսի 8-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության ՔՀԲ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արտաշատ համայնքի Մխչյան բնակավայրի 64-ամյա բնակիչը իր տան բակում և ջերմատանն ապօրինի մշակում, աճեցնում է կանեփի բույսեր, որոնք չորացնում, պատրաստում է թմրանյութ և իրացնում:
Օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով իրավապահներն այցելել են նշված անձի բնակության վայր, որտեղ ակնհայտ տեսանելի վայրում հայտնաբերել են մշակված կանեփի բույսեր:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ`թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հականիշներով, որի շրջանակներում կատարվել են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ:
Մասնավորապես՝ կատարված դեպքի վայրի զննությամբ նշված հասցեում՝ ջերմատնից, հայտնաբերվել, արմատախիլ է արվել և վերցվել է ընդհանուր տարբեր չափսերի թվով 480 հատ կանեփանման բույս, 4 պոլիմերային պարկ՝ կանեփի բույսերի չորացված տերևներով լի՝ ընդհանուր շուրջ 27,5 կիլոգրամ քաշով: Տան խուզարկության ժամանկ 64-ամյա տղամարդը ներկայացրել է 27 հատ պոլիէթիլենային փաթեթ՝ կանեփանման բույսերի կիսամանրացված զանգվածներով՝ ընդհանուր մոտ 750 գրամ քաշով, 13 հատ թղթե և պոլիէթիլենային փաթեթներ՝ մոտ 705 գրամ քաշով կանեփանման բույսերի մանրացված, չորացված զանգվածներով, 4 հատ ծխախոտի գլանակ, և 1 հատ թղթե փաթեթ՝ կանեփանման բույսերի կիսամանրացված զանգվածներով՝ մոտ 7,5 գրամ քաշով, 1 հատ դեղատուփ՝ կանեփանման բույսերի սև գույնի կոշտ զանգվածով՝ մոտ 4,82 գրամ քաշով, ինչպես նաև՝ 38 հատ թղթյա փաթեթ՝ կանեփանման բույսերի մանրացված, չորացված զանգվածներով ընդհանուր՝ մոտ 195 գրամ քաշով:
Նույն օրը տղամարդը, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու, իրացնելու և կանեփի բույսեր ապօրինի աճեցնելու անմիջական ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս հարցաքննվել է՝ ներկայացնելով քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, խոստովանելով, որ ամիսներ շարունակ իր ջերմոցում մշակել, չորացրել և պատրաստել է թմրամիջոց:
Խուզարկությամբ հայտնաբերված կանեփանման զանգվածների վերաբերյալ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել, սակայն, ըստ փորձագետի նախնական ուսումնասիրության, ներկայացված փաթեթներից երկուսում առկա բուսական զանգվածների հետազոտությամբ պարզվել է, որ դրանք հանդիսանում են 73,11 գրամ և 38,7 գրամ հաստատուն չոր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, իսկ ներկայացված պայմանական ընդհանուր թվով 480 հատ բույսերի բուսաբանական հետազոտությամբ, դրանք համապատասխանում են «կանեփ» տեսակի բույսի նկարագրին:
Ձեռք բերված փաստերի հիման վրա Մխչյան բնակավայրի 64-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել մասնակի:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը դատարանի կողմից բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, թմրամիջոցի իրացման դեպքերը բացահայտելու ուղղությամբ:
ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:
Պարզվել է, որ նշված անձը նույն տարածքում կանեփ աճեցնելու և իրացնելու /վաճառելու/ համար, 2012թ. դատապարտվել է ազատազրկման՝ 6 տարի ժամկետով։