Նախնական տեղեկություններով՝ Ավետիսյանների սպանությունը տեղի է ունեցել վաղ առավոտյան
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունը վարույթ է ընդունել այսօր՝ հունվարի 12-ին, Գյումրիում տեղի ունեցած 6 անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Կազմվել է քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀԿԳ քննության գլխավոր վարչության եւ Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ինքնաձիգ, ինքնաձիգից արձակված պարկուճներ, պահունակ՝ փամփուշտներով, ՌԴ զինծառայողի տարբերանշանով զինվորական համազգեստ, զինվորական կոշիկներ։
Պարզվել է, որ դրանք պատկանում են Պերմյակով ազգանունը կրող անձին, ով հանդիսանում է Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմական բազայի ժամկետային զինծառայող։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Հարցաքննվել են մի շարք անձինք, նրանց թվում՝ Պերմյակովի զինակիցները, տուժածների հարազատները, հարեւանները։
Նախնական տեղեկություններով՝ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 06-ի ահմաններում, իսկ մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցների հետեւանքով։
Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ։
Կատարվել եւ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր մանրամասները պարզելու, կասկածվողին հայտնաբերելու ուղղությամբ։
Քրեական գործի քննության ընթացքի մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: