Լրահոս
12.09.23, 11:20

Նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ քարոզչություն կատարելուն խոչընդոտելու՝ Երևանի քաղաքապետի թեկնածուների նախընտրական պաստառները վնասելու դեպքերի առթիվ

Նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ քարոզչություն կատարելուն խոչընդոտելու՝ Երևանի քաղաքապետի թեկնածուների նախընտրական պաստառները վնասելու դեպքերի առթիվ

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժիններում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևանի քաղաքապետի թեկնածուների նախընտրական պաստառները վնասելու 3 դեպքերի հանգամանքները:

Մասնավորապես, 2023թ սեպտեմբերի 10-ին` ժամը 23:02-ին, քաղաքացին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ սեպտեմբերի 3-5-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը դիտավորյալ պոկել է Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բակերից մեկում կայանված, իրեն պատկանող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակիներին փակցված «Ուժը Հայրենյաց» կուսակցության  պաստառները` պատճառելով գույքային վնաս:

Բացի այդ, 2023թ. սեպտեմբերի 10-ին տեղեկություններ են ստացվել այն մասին, որ անհայտ անձը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուս փողոցի կանգառներից մեկում փակցված պաստառը վնասել է։

2023թ սեպտեմբերի 10-ին` ժամը 21:00-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողները ծառայություն իրականացնելիս նկատել են, որ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող շինության պատին փակցված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական պաստառը վնասված է:

Նշված դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա և Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժիններում, ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Կատարվում է նախաքննություն։ Առերևույթ հանցանք կատարած անձանց ինքնությունը, դեպքերի հանգամանքները պարզելու նպատակով հանձնարարություններ են տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներին։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: