Օդաճնշիչ ատրճանակի գործադրմամբ օտարերկրացուց առերևույթ հափշտակություն կատարելու համար մեղարդվող երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է․ բացահայտվել է վերջինիս կողմից կատարված առերևույթ գողության 2 դեպք
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Պռոշյան փողոցում ԱՄՆ քաղաքացու նկատմամբ օդաճնշիչ ատրճանակով ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ վարույթով հետախուզվող անձը։
2024 թվականի մարտի 21-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ անհայտ անձը զենքի գործադրմամբ օտարերկրացի անցորդից հափշտակել է նրա պայուսակը։
Դեպքի առթիվ իրականացված նախաքննությամբ դեպքի վայրից հայտնաբերվել և վերցվել էր «Stalker S17» տեսակի օդաճնշիչ ատրճանակ։
Քննչական գործողությունների արդյունքում պարզվել Էր, որ ԱՄՆ քաղաքացուց առերևույթ հափշտակությունը կատարել է 25-ամյա երիտասարդ։
Վերջինս, ըստ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների, 2024թ․ մարտի 21-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, Երևան քաղաքի «Սիրահարների այգում» ետևից մոտեցել է օտարերկրացուն, իր մոտ գտնվող օդաճնշիչ ատրճանակով թիկունքից հարվածել նրա գլխին, հափշտակել վերջինիս ձեռքի պայուսակն ու դիմել փախուստի։ Այդ ընթացքում պայուսակից հանել է ԱՄՆ քաղաքացու դրամապանակը, որում եղել է կանխիկ գումար և բանկային քարտ, հափշտակել դրանք, իսկ պայուսակը նետել մի կողմ։ Փախուստի ընթացքում նրա գոտկատեղին ամրացված ատրճանակն ընկել է գետնին:
Երիտասարդի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում և հայտարարվել էր հետախուզում։
2024 թվականի ապրիլի 15-ին վերջինս հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:
Երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։
Բացի այդ, հիշյալ քրեական վարույթի շրջանակներում իրականացվող քննությամբ տվյալներ են ստացվել նույն երիտասարդի կողմից Երևանում գործող 2 տարբեր խանութ-սրահներից ալկոհոլային խմիչքներ գողանալու մասին։
Նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 1-ին մասով և 254-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք հետագայում միացվել են զենքի գործադրմամբ հափշտակություն կատարելու վերաբերյալ վարույթին, հանգամանքները պարզվում են։
Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ նշված հանցավոր արարքների բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։