Լրահոս
14.12.22, 12:48

Oտարերկրյա քաղաքացին տարբեր անձանցից խարդախությամբ հափշտակել է ընդհանուր 157.487.430 ՀՀ դրամ գումար. նախաքննությունն ավարտվել է

Oտարերկրյա քաղաքացին տարբեր անձանցից խարդախությամբ հափշտակել է ընդհանուր 157.487.430 ՀՀ դրամ գումար. նախաքննությունն ավարտվել է

Պարզվել են օտարերկրյա քաղաքացու կողմից ՀՀ-ում տարբեր անձանցից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները:

Քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ այլ երկրի քաղաքացին, Կանադայի վիզա տրամադրելու պատրվակով անձանցից գումարներ հափշտակելու համար Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու մարմինների կողմից գտնվելով հետախուզման մեջ, 2019 թվականի նոյեմբերի 16-ին ժամանել է Հայաստան և մի քանի օր անց՝ նոյեմբերի 21-ին, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, վստահություն ստեղծելու համար, միգրացիոն խորհրդատվություն և տուրիստական, ճանապարհորդական ծառայություններ մատուցելու պատրվակով հիմնադրել է «Ամերիկան Հոմ Էդուքեյշն Քոլեջ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

Ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ սկզբնական շրջանում չկարողանալով հավաքագրել քաղաքացիների՝ տվյալ անձը 2021 թվականի գարնանը ընկերությունում աշխատանքի է ընդունել մի քաղաքացուհու, ում հանձնարարել է հիշյալ ընկերության գործունեության վերաբերյալ «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական կայքերում վճարովի գովազդներ տեղադրել։ Արդյունքում 2021 թվականի մայիսի 12-ից մինչև 2022 թվականի մարտի 29-ն ընկած ժամանակահատվածում, ընկերության ծառայությունից օգտվելու նպատակով հիշյալ գրասենյակ է այցելել 86 քաղաքացի: Վերջիններիս օտարերկրյա անձը ներկայացել է Մեծ Բրիտանիայի Թագավորությունում մեծ համբավ ունեցող, միգրացիոն փաստաբան-խորհրդատու Սոհրաբ Սադեղի անվամբ, որպես ԱՄՆ դեսպանատան աշխատակից, հիշյալ և Կանադայի դեսպանատների համագործակցող անձ և, այդ երկրներ մեկնելու համար վիզաներ ձևակերպելու կեղծ պատրվակով, նրանցից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 157.487.430 ՀՀ դրամ գումար։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա օտարերկրյա քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: