Լրահոս
18.09.15, 16:18

Պարզաբանում՝ Վահան Մարտիրոսյանի մասնակցությամբ քրեական գործերի վերաբերյալ

Պարզաբանում՝ Վահան Մարտիրոսյանի մասնակցությամբ քրեական գործերի վերաբերյալ


Վերջին երկու օրերին հասարակական լայն քննարկման առարկա է դարձել ՀՀ քննչական մարմիններում քննվող քրեական գործով որպես տուժող և մեղադրյալ անցնող Վահան Մարտիրոսյանի և նրա կնոջ՝ Հայաստանի սահմանը հատելու փաստը։

Միաժամանակ առանձին լրատվամիջոցներ հանդես են եկել խիստ սուբյեկտիվ և կողմնակալ գնահատականներով՝ քննչական մարմնին «մեղադրելով» իր լիազորություններից  չբխող գործողություններ չձեռնարկելու մեջ։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ պարզաբանում ենք, որ Վահան Մարտիրոսյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվող քրեական գործերով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ կատարված հանցագործությունների բազմակողմանի քննությունն ապահովելու, կասկածյալի հնարավոր փախուստը կանխելու ուղղությամբ։

Վ.Մարտիրոսյանի առնչությամբ Քննչական կոմիտեի վարույթում քննվում է երկու քրեական գործ, որոնցից մեկը՝ Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում, որով նա ներգրավված է որպես տուժող, մյուսը՝  Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում, որով ներգրավվել է որպես մեղադրյալ։

Քննության ընթացքում պարզվել է, որ Վ.Մարտիրոսյանը 2005 թվականի մարտի 28-ից հաշվառված է ՀՀ ԱՆ  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ում՝ «Անձի հիստերիկ խանգարում» ախտորոշմամբ («Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ, 01-89-5107, 20.08.2015թ.)։

Այսպես՝ օգոստոսի 15-ին ոստիկանության Էրեբունու բաժնում ստացվել է գրավոր հաղորդում՝  Գաջեգործների 22/4 հասցեում Վ.Մարտիրոսյանին և նրա կնոջը ծեծելու վերաբերյալ։ Նախնական քննության արդյունքներով՝ օգոստոսի 19-ին Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծ),  որոշումներ կայացվել՝ Վ.Մարտիրոսյանին և նրա կնոջը՝ Կարինե Գասպարյանին, տուժող ճանաչելու մասին։ Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ և հետաքննության մարմնի միջոցով ծանուցագրեր են ուղարկվել տուժողներին՝ օգոստոսի 21-ին և 27-ին հարցաքննության ներկայանալու և նրանց հետ, որպես տուժողների, քննչական գործողություններ կատարելու համար։ Վերջիններս հարցաքննության չեն ներկայացել։

Օգոստոսի 28-ին Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժինը ոստիկանության նույն վարչական շրջանի բաժնից ստացել է նյութեր՝ Երևանի Բաղրամյան փողոցի 64 շենքի բնակարաններից մեկից 3820  ԱՄՆ դոլար գողանալու դեպքի վերաբերյալ։ Ըստ բնակարանի սեփականատիրոջ հաղորդման՝ նշված հասցեում գտնվող իր բնակարանում 2015 թվականի օգոստոսի 21-ից մինչև օգոստոսի 25-ը հյուրընկալվել է Վահան Մարտիրոսյանը՝ իր կնոջ և երեխայի հետ, և նույն ժամանակահատվածում բնակարանից գաղտնի հափշտակել խոշոր չափի գումար։

Դեպքի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում  28.08.15թ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, բնակարանի սեփականատերը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։

Քրեական գործով նշանակվել են դատակենսաբանական, դատահետքաբանական և դատաձեռագրաբանական փորձաքննություններ, հարցաքննության հրավիրվել Վ.Մարտիրոսյանի կինը, ով ժամանակ է խնդրել՝ փաստաբանի հետ նախաքննական մարմնին ներկայանալու համար։

Օգոստոսի 31-ին քննիչը հանձնարարություն է տվել ոստիկանության Արաբկիրի բաժնին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կատարված հանցագործությունը բացահայտելու, ինչպես նաև՝ Վ.Մարտիրոսյանի և նրա կնոջ՝ Կ.Գասպարյանի՝ ՀՀ պետական սահմաններից հնարավոր դուրս գալը բացառելու ուղղությամբ։

Ի կատարումն քննիչի բերման ենթարկելու որոշման՝ 2015 թ. սեպտեմբերի 2-ին  Վահան Մարտիրոսյանը բերման է ենթարկվել, և քննիչը նրա նկատմամբ, որպես կասկածյալի,  խափանման միջոց է ընտրել ստորագրություն չհեռանալու մասին։ Վ.Մարտիրոսյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։

Դիտարկվող քրեական գործով նախաքննության ընթացքում Վ.Մարտիրոսյանը և Կ.Գասպարյանը պատշաճ ծանուցվել են ներկայանալ հարցաքննության, սակայն առանց հարգելի պատճառների չեն ներկայացել։  04.09.15թ. որոշում է կայացվել՝ նրանց նորից բերման ենթարկելու մասին։

Բացի այդ, որոշումներ են կայացվել՝ Վ.Մարտիրոսյանի՝ Գաջեգործների 22/4 տանը խուզարկություն կատարելու, նրա բջջային հեռախոսահամարները վերծանելու թույլտվություն ստանալու մասին միջնորդություններ ներկայացնել դատարան, որոնք քննարկվել են և բավարարվել դատարանի կողմից։ Խուզարկության կատարումը հանձնարարվել է ոստիկանության Արաբկիրի բաժնին, իսկ վերծանումների տրամադրումը՝ համապատասխան բջջային օպերատորներին։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ սեպտեմբերի 9-ին կայացվել է Վ.Մարտիրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Նշված երկու քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։