Պարզաբանում՝ Վոլոդյա Գալոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության վերաբերյալ
Նոյեմբերի 2-ին իրավապաշտպան Ժաննա Ալեսանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որ «Արցախի Մարտունու զորամասում մահացած Վոլոդյա Գալոյանի մարմնի վրա դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է 22 մարմնական վնասվածք: Սա վկայում է, որ մահից առաջ երիտասարդը դաժան ծեծի է ենթարկվել, սակայն քննիչները համառորեն շարունակում են քննությունը վարել ինքնասպանության կեղծ վարկածի շուրջ: Այս վարկածը քննչական կոմիտեն տարածեց դեպքից ընդամենը երեք ժամ անց»:
Տեղեկացնում ենք, որ Վ.Գալոյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Վ.Գալոյանի մահը հետևանք է ստացած կյանքի հետ անհամատեղելի կոպիտ մարմնական վնասվածքների, որն էլ պայմանավորված է եղել գլխի հրազենային, գնդակային միջանցիկ վիրավորումներով, և նրա մահը վրա է հասել հրազենային վնասվածքը ստանալուց անմիջապես հետո: Վ.Գալոյանի դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ բացի հրազենային վնասվածքներից, հայտնաբերվել են 3 քերծվածքներ և 1 վերք, որոնք բնորոշ չեն հրազենային վնասվածքների՝ դրանցից 2 ունեն մոտ 2-3 օրվա վաղեմություններ, իսկ մյուս 2-ը՝ ժամերից մինչև մեկ օրվա, և վերը նշված վնասվածքները կենդանի անձանց մոտ առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում և նրա մահվան հետ պատճառական կապի մեջ չեն գտնվում: Մյուս վնասվածքները բնորոշեն են հրազենային վնասվածքներին: