Լրահոս
20.07.18, 08:12

Պարզվել է անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարած անձի ինքնությունը. առաջադրվել է մեղադրանք

Պարզվել է անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարած անձի ինքնությունը. առաջադրվել է մեղադրանք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարած անձի ինքնությունը, վերջինիս առաջադրվել է մեղադրանք:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քաղաքացուց հաղորդում էր ստացվել առ այն, որ 2018 թվականի մայիսի 2-ին ոտնձգություն է կատարվել իր անչափահաս դստեր նկատմամբ: Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքները, դեպքի վայրը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ 31 տարեկան։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու նպատակով ձեռնարկվող միջոցառումների շրջանակներում օրեր առաջ տարածել էինք լուսանկարներ՝ խնդրելով ճանաչողներին արձագանքել, ինչը կարճ ժամանակում տվեց իր արդյունքը:

Շնորհակալություն ենք հայտնում ԶԼՄ-ներին՝ լուսանկարները տարածելու հարցում ցուցաբերած աջակցության համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: