Պարզվել է Հրազդանի կիրճում հայտնաբերված տղամարդու ինքնությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է Հրազդանի կիրճում հայտնաբերված տղամարդու դիակի ինքնությունը։
Նախօրեին տեղեկացրել էինք, որ 2018թ. ապրիլի 26-ին Հրազդանի կիրճում՝ դեպի Դավթաշեն տանող հատվածում, հայտնաբերվել է մոտ 30 տարեկան տղամարդու դի՝ բռնության հետքերով: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:
Տղամարդու ինքնությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկվող գործողությունների շրջանակներում ապրիլի 28-ին տարածել էինք լուսանկարները, որի արդյունքում պարզվել է նրա ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ Արտյոմ Հովհաննիսյան՝ ծնված 1988 թ.։ Դիակը ներկայացվել է հարազատների ճանաչմանը։
Շնորհակալություն ենք հայտնում ԶԼՄ-ներին՝ տղամարդու ինքնությունը պարզելու նպատակով տրամադրված լուսանկարները տարածելու համար եւ խնդրում զերծ մնալ դրանց հետագա օգտագործումից։
Ստեղծվել է քննչական խումբ, և իրականացվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։