Լրահոս
30.03.15, 14:17

Պարզվել է Վանաձորում երկու անձի մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը

Պարզվել է Վանաձորում երկու անձի մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը
 
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել է Վանաձորում երկու անձի ծակող-կտրող ծանր մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ում նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
 
2015 թվականի մարտի 15-ին՝ ժամը 23:00-ին, «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ շտապօգնության բաժանմունքից Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ բուժօգնության են դիմել Ս.Մելիքյանը՝ աջ կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքով, և Ա.Մկրտչյանը՝ գոտկային շրջանի ծակած-կտրած վերքով:
 
Դեպքի առթիվ 2015 թվականի մարտի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
 
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ 2015 թվականի մարտի 15-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի բնակիչ Մ.Սարոյանը խուլիգանական դրդումներով, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով  անհիմն վիճաբանել և հարձակվել է Փ.Մելիքյանի վրա, որի ընթացքում իր մոտ առկա սուր ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ հարվածել է հարձակումը հետ մղող Ա.Մկրտչյանի գոտկային շրջանին և Ս.Մելիքյանի կրծքավանդակի թիկունքային աջ շրջանին։ Հարվածների հետևանքով վերջինիս առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, մասնավորապես՝ ծակած-կտրած թափանցող վերք` աջակողմյան պնևմոթորաքսով և ենթամաշկային էմֆիզեմայով, իսկ Ա.Մկրտչյանի առողջությանը` թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
 
2015 թվականի մարտի 24-ին որոշում է կայացվել Մ.Սարոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և 117-րդ հոդվածով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նկատի ունենալով, որ նա թաքնվում է քննությունից՝ նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
 
Միջոցներ են ձեռնարկվում՝ մեղադրյալ, հետախուզվող Մաթևոս Սարոյանին հայտնաբերելու ուղղությամբ:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինա կան ուժի մեջ մտած դատավճռով։