Պարզվել են 28-ամյա երիտասարդի սպանության փորձի հանգամանքները. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանություն, սպանության փորձ կատարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքները:
Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքում հաշվառված և փաստացի բնակվող 39-ամյա տղամարդը, 2024 թվականի մարտի 9-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գործող ակումբում վիճաբանել է տուժողի՝ Երևան քաղաքի 28-ամյա բնակչի հետ, ինչը վերաճել է քաշքշուկի։ Դրա ընթացքում վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 39-ամյա տղամարդն իր մոտ նախապես պահվող սուր ծակող-կտրող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել երիտասարդի կենսական նշանակության օրգանների՝ գլխի, որովայնի, դաստակի և ուսի հատվածներին։ Սակայն ակումբի պահնորդական ծառայության աշխատակիցների միջամտությամբ նրա հանցավոր գործողությունների կանխման, շտապօգնության աշխատակիցների և հիվանդանոցում ցուցաբերված բժշկական միջամտության արդյունքում հաջողվել է փրկել 28-ամյա երիտասարդի կյանքը և հանցագործությունն ավարտին չի հասցվել:
Տուժողի ստացած մարմնական վնասվածքների մեխանիզմը, ծանրության աստիճանը պարզելու նպատակով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մարմնական վնասվածքները, ըստ բժշկական փաստաթղթերի և օբյեկտիվ ուսումնասիրության տվյալների, հանդիսանում են կյանքի համար վտանգավոր:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 39-ամյա տղամարդուն վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: