Լրահոս
09.08.19, 14:35

Պարզվել են ավազակային հարձակումների և խուլիգանության հանգամանքները. նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է առաջադրվել չորս անձի

Պարզվել են ավազակային հարձակումների և խուլիգանության հանգամանքները. նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է առաջադրվել չորս անձի

ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով բացահայտվել են հանցագործության այլ դրվագներ ևս: Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը և ձեռք բերված ապացույցների հիման վրա՝  չորս անձի մեղադրանք է առաջադրվել: 

Մինչդատական վարույթում կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են խմբի կողմից ինչպես միասին, այնպես էլ՝ առանձին կատարված  հանցագործության դրվագներ, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, տրվել քրեաիրավական գնահատական:

Մասնավորապես՝ Վանաձոր քաղաքի 35-ամյա բնակիչն ավազակությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու նպատակով նախնական համաձայնության է եկել իր ընկերների՝ Լոռու մարզի՝ թվով երեք բնակիչների հետ՝ ծնված 1984, 1989 և 1987թթ.:

Քննության տվյալներով՝ 2018 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, վերջիններս, դիմակավորված, ալկոհոլ օգտագործած վիճակում, զինված գազային ատրճանակով, դանակով և սառը զենք չհանդիսացող ծալովի դանակով, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով ապօրինի մուտք են գործել նրանցից մեկի նախկին ընկերուհու ծնողների՝ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչների տուն, ծեծի են ենթարկել նրանց, և դանակի ու ատրճանակի գործադրմամբ վերջիններիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ պահանջել գումար և ոսկյա իրեր, որից հետո կպչուն ժապավենով նրանց կապկպելով ննջասենյակում՝ առանձնատնից հափշտակել են կանխիկ  գումար և այլ իրեր ու դիմել փախուստի:

Բացի այդ, պարզվել է նաև, որ Վանաձոր քաղաքի՝ 35-ամյա բնակիչը, 2018թ. դեկտեմբերի 12-ին, ավազակությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով Վանաձոր քաղաքում բնակվող նույն ընկերներից երկուսի հետ՝  ծնված 1984 և 1989թթ., 2018թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, դիմակավորված, ձեռքներին՝ բժշկական ձեռնոցներ, որպես զենք օգտագործվող առարկայի` դանակի գործադրմամբ  հարձակվել են Սպիտակ-Երևան ավտոճանապարհին գործող բենզալցակայանի աշխատակցի վրա, դանակը մոտեցնելով նրա պարանոցին, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանից պահանջել իրենց տալ բենզալցակայանում վառելիքի վաճառքից գոյացած ողջ գումարը: Ստանալով բացասական պատասխան` երեքով աշխատակցի հագուստների գրպանները ստուգել, հայտնաբերել և հափշտակել են նրա մոտ առկա կանխիկ գումարը և դիմել փախուստի:

Բացի այդ, նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև՝ Վանաձոր քաղաքի 35-ամյա բնակչի կողմից խուլիգանություն կատարելու վերաբերյալ: Այսպես՝ տղամարդը կնոջը տեսակցելու նպատակով 2018թ. նոյեմբերի 12-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ալկոհոլ օգտագործած վիճակում գնացել է Վանաձոր քաղաքում գտնվող վերջինիս բնակարան, սակայն կինը դուռը չի բացել և պահանջել է հեռանալ: Տեսնելով, որ կինը դուռը չի բացում՝ տղամարդը զայրացել և հարվածել է բնակարանի դռանը, այրել է դռան շեմը՝ կնոջը պատճառելով գույքային վնաս, շենքի շքամուտքում գոռգոռացել և սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ինչպես կնոջը, այնպես էլ՝ աղմուկի ձայների վրա իրենց բնակարաններից դուրս եկած բնակիչներին, ինչպես նաև  գլխով հարվածել է նրանցից մեկի դեմքին, այնուհետև հրելով գլորել է աստիճաններով:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով,
1984 և 1989թթ. ծնված տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով,
1987թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով:

Նրանց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: