Լրահոս
14.01.15, 15:23

Պարզվել են դանակահարության մանրամասները

Պարզվել են դանակահարության մանրամասները

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է Վանաձոր քաղաքի բնակիչ Հ.Մարգարյանին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները։

2014 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 21:10-ին, «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ընդունարանից ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը ծակած -կտրած վերքերով հիվանդանոց է ընդունվել Վանաձոր քաղաքի բնակիչ Հույրաթ Մարգարյանը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ քաղաքացուն ծանր մարմնական վնասվածք է պատճառվել 2014 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի վերջնամասում գտնվող Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Առերեւույթ հանցանք կատարած անձը մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա թիկունքին, գլխին, պարանոցին, ձեռքերին: 

Դեպքի առթիվ 2015 թվականի հունվարի 07-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Առերեւույթ հանցանք կատարած անձի ինքնությունը պարզվել է, եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է: