Պարզվել են Երևանի կենտրոնում հունվարի 21-ին տեղի ունեցած դանակահարության հանգամանքները. հայտարարվել է հետախուզում
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հունվարի 21-ին Երևանի կենտրոնում Գարեգին Սաթումյանին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Գ.Սաթումյանին կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքները պատճառվել են «Արտաշի մոտ» սննդի օբյեկտի մոտակայքում՝ կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ։
Քննության շրջանակներում իրականացված բազմաթիվ քննչական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել, որ Գ.Սաթումյանին դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Վարդանյանը, ով, ըստ քննության տվյալների, տուժածի վայր ընկնելուց հետո շարունակել է ոտքերով հարվածել նրա գլխի շրջանին։ Նկատելով օգնություն ցուցաբերելու համար մոտեցող այլ տղամարդկանց՝ Ա.Վարդանյանը դիմել է փախուստի։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը հունվարի 22-ին որոշում է կայացրել՝ Ա.Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (սպանության փորձ՝ խուլիգանական դրդումներով) որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Ա.Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: