Լրահոս
07.07.15, 15:23

Պարզվել են Երևանում 37-ամյա տղամարդու սպանության հանգամանքները

Պարզվել են Երևանում 37-ամյա տղամարդու սպանության հանգամանքները


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 37-ամյա Արման Մելիքյանի սպանության մանրամասները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

2015 թվականի հունիսի 28-ին՝ ժամը 21:30-ին, Երևան քաղաքի «Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից» հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 21:25-ին, շտապօգնության կողմից Երևան քաղաքի Քաջազնունի  փողոցի 4-րդ շենքին հարող տարածքից բուժօգնության է տեղափոխվել մոտ 35-40 տարեկան տղամարդ՝ ձախ աճուկային շրջանի կտրած-ծակած վերքով, ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:  Պարզվել է սպանվածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 1977թ. ծնված Արման Մելիքյանն է։

Դեպքի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և ձեռնարկվել մեծածավալ քննչական ու դատավարական գործողություններ՝ ապահովելու դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը։

Կատարված քննության արդյունքում պարզվել է  սպանությանը նախորդած ժամանակահատվածում Ա.Մելիքյանի գտնվելու վայրը, ընկերակիցների շրջանակը,  առաջացած վիճաբանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Ենթադրյալ կասկածվողը լուսանկարով ներկայացվել է վկաների ճանաչմանը։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և նախաքննական մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։