Լրահոս
14.06.21, 10:13

Պարզվել են Գետափ գյուղի բնակչին անզգուշությամբ մահ պատճառելու հանգամանքները

Պարզվել են Գետափ գյուղի բնակչին անզգուշությամբ մահ պատճառելու հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում Գետափ գյուղի բնակչին դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելու, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են տուժողի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները, շարժառիթը:

Քննությամբ պարզվել է, որ Եղեգնաձոր քաղաքի բնակիչը 2021թ. փետրվարի 22-ին սխալմամբ զանգահարել է Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակչին՝ իր հետ խնամիական կապերի մեջ գտնվող բարեկամին, ինչի շուրջ վիճաբանություն է առաջացել:

Նույն օրը՝ ժամը 20:20-ի սահմաններում, տղամարդիկ, պարզաբանումներ կատարելու նպատակով, հանդիպել են Գետափ բնակավայրում գտնվող խանութի հարակից տարածքում, որի ընթացքում խոսակցությունը վերաճել է լեզվակռվի, հնչել են փոխադարձ վիրավորանքներ:

Եղեգնաձորի բնակիչը, չհանդուրժելով իրեն հասցված վիրավորանքը, քննությամբ չպարզված բութ առարկայով, դիտավորությամբ հարվածել է բարեկամի ձախ քունքային հատվածին, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Եղեգնաձորի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: