Լրահոս
23.01.16, 11:19

Պարզվել են թիվ 34/01, 35/37, թիվ 34/06, 35/35 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարելու հանգամանքները

Պարզվել են թիվ 34/01, 35/37, թիվ 34/06, 35/35 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարելու հանգամանքները


ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերով պարզվել են թիվ 34/01, 35/37, թիվ 34/06, 35/35 ընտրատեղամասերում այլ անձանց փոխարեն  քվեարկություն կատարելու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանքներ են առաջադրվել համապատասխանաբար 35/37, 35/35 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին՝  համապատասխանաբար Նազելի Հրաչի Բաղդասարյանի և Հովհաննես Ասատուրի Մաթևոսյանի փոխարեն քվեարկելու համար։ Նախնական քննության տվյալներով՝ նշված ընտրողների անվան դիմաց լրացվել են մտացածին տվյալներ, և նրանց փոխարեն քվեարկություն են կատարել հանձնաժողովների անդամները։

Թիվ 34/01 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու համար մեղադրանք է առաջադրվել քաղաքացի Է.Եֆրեմովին։ Նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս ընդգրկված է եղել թիվ 33/35 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում, սակայն 2015 թվականի դեկտեմբերի 6-ին գնացել է Գյումրի քաղաքի թիվ 34/01 ընտրատեղամաս և օգտվելով նշված ընտրատեղամասի հանձնաժողովի անդամի անփութությունից և բարձրաձայնելով դեռևս քվեարկությանը չմասնակցած այլ քաղաքացու անվան դիմաց առկա հերթական 1638 համարը, հանձնաժողովի անդամին է ներկայացրել իր նույնականացման քարտը:  Նախնական քննության տվյալներով՝  Է.Եֆրեմովն ստորագրել է Մաթիլյան Ռոզիկի անձնական տվյալների դիմաց, ստացել է համապատասխան նմուշի քվեաթերթիկ ու քվեարկել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Է.Եֆրեմովին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով:

Թիվ 34/06 ընտրատեղամասում  Գագիկ Ժորժիկի Գևորգյանի փոխարեն քվեարկելու համար մեղադրանք է առաջադրվել  Գյումրու բնակիչ Ա.Դարբինյանին։ Նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս ընդգրկված է եղել թիվ 34/05 ընտրողների ցուցակում և 2015 թվականի դեկտեմբերի 6-ին մասնակցել հանրաքվեին։ Ապա ներկայացել է Գյումրի քաղաքի թիվ 34/06 ընտրատեղամաս և բարձրաձայնելով դեռևս քվեարկությանը չմասնակցած այլ քաղաքացու՝  Գագիկ Ժորժիկի Գևորգյանի անվան դիմաց առկա հերթական համարը՝ ներկայացրել իր նույնականացման քարտը, ստորագրել նրա անվան դիմաց և քվեարկել։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Դարբինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով:

Է.Եֆրեմովի և Ա.Դարբինյանի մասով քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է և  քրեական գործերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Մյուս գործերով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: