Պարզվում են ամուսինների մահվան հանգամանքները (լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Իջևան քաղաքի բնակիչ ամուսինների մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղաթյամբ:
Իջևան բժշկական կենտրոնից 2022թ. ապրիլի 8-ին՝ ժամը 18։20-ի սահմաններում, հաղորդում է ստացվել այն մասին, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ 24-ամյա բնակչուհին Լուսաձոր բնակավայրի տներից մեկի հարակից անասնագոմի տանիքից պարանով կախվելու եղանակով ինքնասպան է եղել։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։
Նույն օրը՝ ժամը 20։35-ի սահմաններում, նույն բժշկական կենտրոնից ստացվել է մեկ այլ հաղորդում ևս՝ Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի 35-ամյա բնակչի՝ իր տան նկուղի տանիքից պարանով կախվելու եղանակով ինքնասպան լինելու վերաբերյալ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով։
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք ամուսիններ են. որոշում է կայացվել հարուցված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու վերաբերյալ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել են դեպքի վայրի և դիակի զննություններ, դեպքի հանգամանքների շուրջ հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առգրավումներ:
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ամուսինների մահվան բոլոր հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: