Պարզվում են երեք անձի մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները (տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են վարութային և քննչական անհետաձգելի գործողություններ՝ երեք անձի մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ստացված տվյալների համաձայն, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ Ուշի գյուղի ոլորաններում, 2022թ. օգոստոսի 9-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, միմյանց են բախվել «Freightliner» մակնիշի բեռնատար և Արթիկ քաղաքի բնակչի կողմից վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վերջինիս վարորդը և ուղևորներից երկուսը տեղում մահացել են, իսկ մյուս երկու ուղևորները և հիշյալ բեռնատարի վարորդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: