Պարզվում են «Գեղարքունիքի» ՋՕԸ-ի ենթակայանում քաղաքացու մահվան հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի Վարդենիսի քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու՝ «Գեղարքունիքի» ջրօգտագործողների ընկերության ենթակայանում քաղաքացու մահվան հանգամանքները:
2018 թվականի հոկտեմբերի 23-ին` ժամը 11:15-ին «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղ, որտեղ ոռոգման ջրերի հորերից մեկի ենթակայանում «էլեկտարահարում և մահ» ախտորոշմամբ գտնվել է 1989թ.ծնված քաղաքացու դիակ:
Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի բաժնում 2018 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Նախնական տվյալներով՝ 1989թ. ծնված քաղաքացին, 2018 թվականի հոկտեմբերի 23-ին «Գեղարքունիքի» ՋՕԸ-ի Վարդենիսի տեղամասի ենթակայանի պետի և երկու աշխատակիցների հետ միասին ենթակայանների տրանսֆորմոտորները ապամոնտաժելու հանձնարարականը իրականացնելու նպատակով գնացել է թիվ 62.32 ենթակայան և մտածելով, թե նախապես ուղարկված գրության համաձայն «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից տրասֆորմատորները հոսանքազրկվել են, բարձրացել է ենթակայանի վրա, ինչի հետևանքով հոսանքահարվել և մահացել է:
Նախաքննության ընթացքում նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, մի շարք կազմակերպություններից հարցումներ են կատարվել:
Քրեական գործով կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու համար:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն նապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: