Լրահոս
08.06.22, 05:17

Պարզվում են մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառները (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի, Կոտայքի և Արմավիրի մարզային քննչական վարչություններում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:



***

 

2022թ. հունիսի 06-ին` ժամը 11:45-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 137.7կմ հատվածում միմյանց են բախվել Վրաստանի Հանրապետության քաղաքացու կողմից վարած «Toyota» և Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի բնակչի կողմից վարած «ВАЗ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդը տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են ճանապարհատրասպորտային դեպքի վայրի և ավտոմեքենաների զննություններ, հարցաքննվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ:


***

 

2022թ. հունիսի 7-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 26,8կմ հատվածի՝ դեպի Երևան տանող ուղեմասում «BMW X5 4.4I» մակնիշի ավտոմեքենան բախվել է «FORD TRANSIT 2,0 TD» մակնիշի ավտոմեքենային, ինչի արդյունքում վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել արգելապատնեշին և ընկել 300 մետր խորությամբ ձորը, որի հետևանքով վարորդը մահացել է:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «BMW X5 4.4I» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենան վարել է՝ չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, համապատասխան սարքի միջոցով ստուգվել է «BMW X5 4.4I» մակնիշի ավտոմեքենայի վարորդի սթափության աստիճանը. համաձայն  զննության արդյունքի՝ նրա մոտ ալկոհոլի պարունակությունը կազմել է՝  0,9828 միլիգրամ, որը ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 126-րդ հոդվածի   9-րդ մասի համաձայն՝ համարվում է ոչ սթափ վիճակ: Հավելենք, որ վերջինս չի լքել ավտոպատահարի վայրը,  դեպքի մասին անձամբ ահազանգել է ոստիկանություն և շտապօգնություն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության  Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի զննություն:

«BMW X5 4.4I»-ի վարորդը հարցաքննվել է՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով վերջինիցս վերցվել են արյան  փորձանմուշներ, նշանակվել է  դատատոկսիկոքիմիական փորձաքննություն: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է գրավը:

 

***

 

2022թ. հունիսի 7-ին, ժամը՝ 02:15-ին, Վաղարշապատի բժշկական կենտրոնից  ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է 1988թ. ծնված կին:

Նյութերի նախապատրաստման  ընթացքում  պարզվել է, որ վերջինս մարմնական վնասվածքները ստացել է 2022թ. հունիսի 7-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Երևան-Արմավիր  ավտոճանապարհի 14.5 կմ հատվածում «Opel» և  «Nissan» մակնիշի  ավտոմեքենաների միմյանց բախվելու արդյունքում,   ինչի հետևանքով  վերջինիս վարորդը տեղում մահացել է, իսկ  նույն ավտոմեքենայի և Օպել մակնիշի ավտոմեքենայի ուղևորները,  ստացած մարմանական վնասվածքներով,  տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության  Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում կատարվել են ճանապարհատրանսպորտային պատահարի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, հարցաքնվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկակական փորձաքննություններ, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են տրանսպորտային միջոցներում՝ դեպքի պահին եղած անձանց հագուստները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: