Լուրեր Զինվորական քննչական գլխավոր վարչությունից
22.04.16,
08:16
Պարզվում են պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Աղաբեկյանի մահվան հանգամանքները. մեկ անձ ձերբակալվել է
Առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ զորամասի «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Աղաբեկյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախնական տվյալներով՝ 21.04.2016թ.՝ ժամը 14:30-ի սահմաններում, N զորամասի «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պ.Եգորյանը, խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, ինքնաձիգից կրակոց է արձակել, որի հետևանքով նշված ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտյուշի Աղաբեկյանը կրծքավանդակի աջ կեսի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում։
Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ: Պ.Եգորյանը ձերբակալվել է:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։