Լրահոս
23.10.23, 15:19

Պաշտոնեական կեղծիք և հափշտակություն՝ Տաշիրի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից. նախաքննությունն ավարտվել է

Պաշտոնեական կեղծիք և հափշտակություն՝ Տաշիրի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից. նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է  Տաշիր համայնքի համայնքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց կողմից առերևույթ փաստաթղթերի կեղծիք կատարելու, համայնքապե­տա­րանի քաղաքային տնտե­­սությունը սպասարկող հիմնարկում և «Տաշիրի մարզադպրոց» ՀՈԱԿ-ում տարբեր հաստիքներում 2006-2017թթ. ընկած ժամա­նա­կահատվածում ձևա­կանորեն աշխատանքի ընդունված և աշխատանքի չհաճախած անձանց անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ 2005թ․ Տաշիրի համայնքապետարանի ֆինանսների բաժնի, իսկ 2007թ․ փետրվարից նույն համայնքապետարանի եկամուտների և ֆինանսների բաժնի պետի պաշտոնն զբաղեցնող անձը 2006թ. մայիսից մինչև 2018թ. սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, մինչև 2012 թվականի նոյեմբերի 21-ը Տաշիր համայնքի նախկին ղեկավար, ներկայումս հանգուցյալ Ն.Ս.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, իսկ այնուհետև՝ միանձնյա, Տաշիր համայնքի համայնքապետարանի մարզադպրոցի տնօրենի, «Քաղաքային տնտեսությունը սպասարկող» համայնքային հիմնարկի տնօրենների և մի շարք աշխատակիցների օժանդակությամբ հափշտակել է իրեն վստահված, համայնքին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը, ինչպես նաև խմբի կազմում, շահադիտական դրդումներով, կատարել է պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես, բաժնի պետը, հաստատապես իմանալով համայնքապետարանի մարզադպրոցի թվով չորս աշխատակիցների՝ տարբեր ժամանակահատվածում աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու մասին, այդ հանգամանքները թաքցնելու շահադիտական դրդումներով, համաձայնության գալով մարզադպրոցի տնօրենի, համայնքապետարանի «Քաղաքային տնտեսությունը սպասարկող» հիմնարկի երկու տնօրենների, իր ենթակա հաշվապահի հետ, հաստատել են աշխատանքի հաճախելիության վերաբերյալ տեղեկագրեր, որոնցում ներառել են ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ նշված աշխատակիցների պատշաճ կարգով աշխատանքի հաճախելու ու հաստիքին համապատասխան աշխատավարձ ստանալու վերաբերյալ։ Այդ կերպ նրանք, խմբի կազմում, կատարել են պաշտոնեական կեղծիք:

Այնուհետև բաժնի պետը բովանդակությամբ այդ կեղծ պաշտոնեական փաստաթղթերը հանձնել է վճարման, որի արդյունքում նշված անձանց անվամբ, որպես աշխատավարձի գումար, դուրս է գրվել ընդհանուր 9 523 756 ՀՀ դրամ գումար։ Բաժնի պետն այդ անձանց փոխարեն առձեռն, ինչպես նաև բանկոմատից կանխիկացնելու միջոցով անձամբ ստացել և հափշտակել է այդ գումարները:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Տաշիրի համայնքապետա­րանի եկամուտների և ֆինանսների բաժնի պետին  մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ մարզադպրոցի տնօրենին՝ 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը:

Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 1մլն. ՀՀ դրամ գումար:

Հանցագործությանն օժանդակած մյուս անձանց նկատմամբ, դատախազի որոշմամբ, հանրային քրեական հետապնդում չի հարուցվել՝ վաղեմության ժամկետն անցնելու, իսկ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ՝ մահվան հիմքով:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: