ՓԲ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ իր լիազորություններն ընկերության շահերին հակառակ օգտագործելու համար
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ ՓԲ ընկերության նախկին տնօրենի կողմից իր լիազորությունները չարաշահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2019 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ ՔԿ ԵԵՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է ՓԲ ընկերության նախկին տնօրենի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ Ոստիկանությունում հարուցված քրեական գործը: Նույն օրն այն վարույթ է ընդունվել և ձեռնարկվել քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2009 թվականի հոկտեմբերից մինչև 2018թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով նշված պաշտոնը, պարտավոր լինելով գործել ընկերության շահերի շրջանակներում, իրագործել իր իրավունքներն ի նպաստ ընկերության, իր լիազորություններն օգտագործել է ընկերության շահերին հակառակ՝ ուրիշ անձանց օգտին, այն է՝ իր ղեկավարած ՓԲ ընկերության հետ որևէ առնչություն չունեցող տնտեսվարող սուբյեկտների բանկային պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրել է ընկերությանը պատկանող դրամական միջոցները:
Քննության տվյալներով՝ նախկին տնօրենը, բանկի և թվով երկու ընկերությունների միջև կնքված երրորդ անձի պահանջի իրավունքի գրավի պայմանագրերի համաձայն, ի ապահովումն գրավառուի և գրավատուի միջև կնքված հիմնական պայմանագրերի, գրավադրել է, նախնական տվյալներով, 6.251.200 ԱՄՆ դոլար, որն ընկերությունը հետագայում կորցրել է՝ նշված ընկերությունների կողմից իրենց բանկային պարտավորությունները չկատարելու հետևանքով:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: