Լրահոս
24.12.15, 15:12

Քաղաքացին ավազակային հարձակման է ենթարկվել բնակարանում

Քաղաքացին ավազակային հարձակման է ենթարկվել բնակարանում


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:

Քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ  2015թ. դեկտեմբերի 23-ին՝  ժամը 00-ից մինչև 02-ն ընկած ժամանակահատվածում, իր վարձակալած բնակարանում Արտյոմ ներկայացած անձը հարձակում է գործել իր նկատմամբ, բռնություն գործադրել` ձեռքերով, ոտքերով, ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ հասցել իր մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա,  հափշտակելով դեղորայք ու բանալիների պարունակությամբ պայուսակը, դիմել փախուստի:

Նկատի ունենալով, որ նախապատրասված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածով (ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ավազակային հարձակում կատարել) նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը  պարզելու ուղղությամբ:

Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: