Քաղաքացին մահացել է ածխածնի մոնօքսիդով սուր թունավորման հետևանքով. Նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ածխածնի մոնօքսիդով սուր թունավորման հետևանքով քաղաքացու մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2014 թվականի հոկտեմբերի 19-ին ահազանգ էր ստացվել, որ տան լոգարանում հայտնաբերվել է Քաջարանի բնակիչ Արթուր Կարապետյանի դիակը եւ նրա կինը՝ , ով կենդանության նշաններ է ցույց տվել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությամբ պարզվել է, որ 2014 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 17:00-ից 19:00-ի սահմաններում, Քաջարանի նշված բնակարանում ջրատաքացուցիչում գազաօդային խառնուրդի թերայրման արգասիքները, ամբողջությամբ մթնոլորտ դուրս չմղվելով, առաջացրել են մարդու առողջության համար վտանգավոր քանակի ածխածնի մոնօքսիդ (շմոլ գազ), որը խոհանոցի և լոգարանի ծխաօդատար ուղիների միջնորմերի հերմետիկության խախտման պատճառով ծխատար ուղուց ներթափանցել է լոգարանի օդատար ուղի, տարածվել և կուտակվել է լոգասենյակում ու խոհանոցում: Այդ պահին լոգարանում գտնվող կնոջ՝ Ա.Հարությունյանի առողջությանը էկզոգեն թունավորում շմոլ գազով (հիպօքսիկ էնցեֆալոպաթիա) ախտորոշմամբ պատճառվել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, իսկ ամուսինը՝ Ա.Կարապետյանը, ածխածնի մոնօքսիդով սուր թունավորման պատճառով մահացել է:
Քննությամբ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է սպառողին մատուցված ծառայությունների անվտանգության համար պատասխանատու անձի ինքնությունը. քաղաքացի Դ. Քաթանյանը 2012 թվականից աշխատել է որպես ներտնային գազասպառման համակարգի տեխնիկակական սպասարկման ծառայություն մատուցող անձ: Վերջինս ստույգայցերի ժամանակ Կարապետյանների տանը նկատել է ինքնակամ անցկացված գազատարի խողովակը և ապօրինի ավելացված գազասարքերը: Կետերի թվի ավելացումն արձանագրել է ամփոփագրերում և գազասարքերի գույքագրման թերթիկում, սակայն սահմանված կարգով գազասպառման կենցաղային համակարգում խախտումների վերացման կամ գազամատակարարման ընդհատման (գազասարքի, հանգույցի անջատման) ակտ չի կազմել, ջրատաքացուցիչն անմիջապես չի անջատել կամ խցանային փականով չի փակել, հոլոգրաֆիկ կնիքներով չի կնքել, առկա խախտումների և թերությունների մասին մատակարարին չի հայտնել:
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Դ.Քաթանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է և գործն ուղարկվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: