Լրահոս
12.12.15, 10:45

Քաղաքացու հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով ձերբակալվել է փաստաբան՝ խոշոր չափերով կաշառք տալու փորձի դրդչության կասկածանքով

Քաղաքացու հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործով ձերբակալվել է փաստաբան՝ խոշոր չափերով կաշառք տալու փորձի դրդչության կասկածանքով


ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է փաստաբան՝ քրեական գործով դատաքննության ընթացքում խոշոր չափերով կաշառք տալու փորձի դրդչության կասկածանքով։

Սյունիքի մարզի 46-ամյա բնակչուհուց դեկտեմբերի 9-ին գրավոր հաղորդում է ստացվել, որ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող իր որդուն ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակելու համար կաշառք տալու պատրվակով փաստաբանը պահանջել է գումար։

Ըստ դիմումատուի՝ 2015թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փաստաբանն իրենից պահանջել և ստացել է ընդհանուր առմամբ 1.000.000 ՀՀ դրամ գումար՝ համապատասխան պաշտոնատար անձանց՝ դատախազին և դատավորին, կաշառք տալու համար, սակայն խարդախությամբ նշված գումարը  հափշտակել է:

Քաղաքացու հաղորդման հիման վրա 2015թ. դեկտեմբերի 9-ին Սյունիքի մարզի դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն։

2015թ. դեկտեմբերի 11-ին փաստաբանը ձերբակալվել է՝ խոշոր չափերով խարդախություն կատարելու և խոշոր չափերով կաշառք տալու փորձի դրդչության կասկածանքով, իսկ Սյունիքի մարզի 46-ամյա բնակչուհու նկատմամբ  2015թ. դեկտեմբերի 10-ին որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին՝ խոշոր չափերով կաշառք տալու փորձի կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: