ՔԿ նախագահի հանձնարարականը՝ քննչական կոմիտեի վերահսկողական ծառայություններ իրականացնող ստորաբաժանումներից ուղարկված դիմումները և բողոքները կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների պետերի կողմից քննարկելու մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ
Հանձնարարական՝
ք.Երևան, 06 օգոստոսի 2018, թիվ-110-L
Մինչդատական վարույթի ընթացքում դատավարության մասնակիցներից և այլ անձանցից ստացված մինչդատական վարույթի կազմակերպաիրավական ոլորտին վերաբերող դիմումները և բողոքները պատշաճ քննարկելու և դրանց պատասխանելու նպատակով և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝
Հանձնարարում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների, մարզային քննչական վարչությունների և դրանց տարածքային քննչական ստորաբաժանումների, զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժինների պետերին՝
Կոմիտեի վերահսկողական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների կողմից ուղարկված մինչդատական վարույթի կազմակերպաիրավական ոլորտին վերաբերող դիմումները, բողոքները քննարկել և դրանց պատասխանել անձամբ:
2. Սույն հանձնարարականի նկատմամբ հսկողությունը վերապահել Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության, զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների գործունեության վերահսկողության բաժնի պետերին:
3. Սույն հանձնարարականն ուղարկել Կոմիտեի նախագահի տեղակալներին, Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության, զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության, զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժինների, Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների, մարզային քննչական վարչությունների և դրանց տարածքային քննչական ստորաբաժանումների պետերին:
Հ. Գրիգորյան