Լրահոս
16.01.24, 12:54

Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումների 67 քննիչ 2023թ․ ընթացքում «Դասը վարում է քննիչը» ծրագրի շրջանակում դասընթաց է անցկացրել հանրապետության 56 դպրոցներում․ ամփոփում

Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումների 67 քննիչ 2023թ․ ընթացքում  «Դասը վարում է քննիչը» ծրագրի շրջանակում դասընթաց է անցկացրել հանրապետության 56 դպրոցներում․ ամփոփում

 

Անչափահասների և դեռահասների հետ տարվող աշխատանքների շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ՝ 2023թ ապրիլից մեկնարկած Դասը վարում է քննիչը» ծրագրի շրջանակներում, տարվա ընթացքում,  ՀՀ քննչական կոմիտեի քննիչները ընդհանուր 123 դասաժամ են վարել հանրապետությունում՝ մայրաքաղաքում և բոլոր մարզերում գործող հանրակրթական 56 ուսումնական հաստատություններում՝ հիմնականում հանրակրթական դպրոցներում:

Ծրագիրը գործարկվել է որպես դեռահասների իրավագիտակցության բարձրացման, օրինապաշտ վարքագծի խրախուսման, հանցածին հակումների իրավական հետևանքների բացատրման կառուցակարգ։

Դասերի ընթացքում քննիչները ուսումնական հաստատությունների ավագ դասարանների աշակերտներին մատչելի իրազեկել են հատկապես դեռահասության շրջանում ինչպես ներգրավման, այնպես էլ թիրախավորման տեսանկյունից առավել ռիսկային հանցատեսակների դրսևորման եղանակների, դրանք ծնող պատճառների, դրանցից խուսափելու միջոցների մասին։ Ստորաբաժանումների առջև խնդիր է դրված եղել ապահովել առնվազն 6 առարկայական թեմայի դասավանդում, որի ժամանակացույցն ու առարկայական ծրագիրը համաձայնեցվել է ուսհաստատությունների վարչակազմերի հետ։

Դասընթացների հիմնական թեմաներն են եղել հափշտակության տեսակները, հրազենի, պայթուցիկ նյութերի եւ սարքերի, փամփուշտների ապօրինի շրջանառությունը, սառը զենք կրելը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, խուլիգանությունը եւ դրա հատկանիշները, քրեական ենթամշակույթը եւ դրա դեմ պայքարը, անչափահասին հանցանքի կատարման մեջ ներգրավելը, երեխաների թրաֆիքինգը, կոռուպցիան եւ դրա հասարակական վտանգավորությունը, ընտանեկան բռնությունը եւ դրանից պաշտպանության միջոցները, կիբեռհանցագործությունները, պարտադիր զինվորական կամ զորահավաքային զորակոչից խուսափելը եւ այլն։

Ծրագրին ներգրավված են եղել ՀՀ քննչական կոմիտեի թվով 32 ստորաբաժանումներ՝ սկսած ՀՀ ՔԿ կենտրոնական մարմնի վարչություններից մինչև մարզային, ընդհուպ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ կայազորային քննչական բաժինները։ Դպրոցներ է այցելել և դասեր անցկացրել ընդհանուր 67 քննիչ։ Դասընթացավարների ընտրության հարցում նախապատվությունը տրվել է գիտամանկավարժական գործունեության փորձ և լսարանի հետ հաղորդակցվելու հմտություններ ունեցող քննիչներին։

Հաշվի առնելով անչափահասների ներգրավմամբ կամ նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունների կանխարգելման կարևոր նշանակությունը, 2023թ ընթացքում դասըթնացների հաջող ընթացքը և ուսումնական հաստատությունների դրական և քաջալերող արձագանքը՝ ՀՀ քննչական կոմիտեն «Դասը վարում է քննիչը» ծրագիրը շարունակելու է նաև 2024թ ընթացքում՝ ներգրավվելով նաև այլ կրթօջախներ։