Լրահոս
27.11.23, 16:54

Քննչական կոմիտեի քննիչները ճապոնացի մասնագետների հետ կատարելագործում են հմտություններն առցանց բաց աղբյուրներից տեղեկատվության հավաքման և վերլուծության ոլորտում (լուսանկարներ)

Քննչական կոմիտեի քննիչները ճապոնացի մասնագետների հետ կատարելագործում են հմտություններն առցանց բաց աղբյուրներից տեղեկատվության հավաքման և վերլուծության ոլորտում (լուսանկարներ)

 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հանձնարարականների հիման վրա ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունը շարունակում է Կոմիտեի տարածքային մարմինների և ստորաբաժանումների քննիչների՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների վարույթներով  և էլեկտրոնային ապացույցների ձեռք բերման հմտությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացների շարքը։

ՀՀ արդարադատության ակադեմիայում անցկացվել է հերթական դասընթացը՝ «Բաց աղբյուրներից տեղեկատվության հետազոտություն և վերլուծություն» (Open-Source Intelligence Research and Analysis) թեմայով, որի ընթացքում օգտագործվել են JICA (Ճապոնական Միջազգային Համագործակցության Գործակալություն) կողմից տրամադրված նյութերը։

Դասընթացը վարել են JICA-ում վերապատրաստում անցած Վարչության պետի տեղակալ Սասուն Գրիգորյանը՝ Ճապոնիայից հատուկ ժամանած «Trend Micro» կիբեռանվտանգության ոլորտի աշխարհի առաջատար ընկերություններից մեկի երկու փորձագետների հետ համատեղ։

Դասընթացի անցկացմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության հյուպատոսության և անվտանգության բաժնի պետ՝ Սումիկո Իկեդան։ Վերջինս բարձր է գնահատել կիբեռհանցավորության դեմ պայքարի ոլորտում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան միջև համագործակցության ներկայիս մակարդակը, որի շնորհիվ հնարավոր է դարձել կազմակերպել ինչպես տվյալ դասընթացի անցկացումը, այնպես էլ՝ ապահովել ՀՀ քննչական կոմիտեի քննիչների մասնակցությունը 2023թ. ընթացքում Ճապոնիայում անցկացված երկու վերապատրաստման դասընթացներին։

Դասընթացի ընթացքում ներկայացվել են նաև ՀՀ քննչական կոմիտեի կողմից մոտակա ժամանակահատվածում ձեռք բերվող՝ միջազգային հեղինակություն վայելող ընկերություններից մեկի համացանցային բաց աղբյուրներից տեղեկատվության հավաքման և վերլուծության (ОSINT) ծրագրային ապահովման հնարավորություններն ու առանձնահատկությունները։