Լրահոս
28.03.24, 11:19

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Կոմիտեի վետերանների և նորանշանակ քննիչների միջև:

Սույն նախաձեռնությունն առաջինն էր Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վետերանների խորհուրդ հասարակական կազմակերպության ստեղծումից հետո։

Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել Վետերանների խորհրդի նախագահ Յուրի Բադալյանը: Նա նշել է, որ ՀՀ քննչական կոմիտեի երիտասարդ անձնակազմին մասնագիտական փորձի փոխանցման խնդիրը ՀՀ ՔԿ Վետերանների խորհրդի հիմնական առաջնահերթություններից մեկն է, որի շրջանակներում նման հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։

Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, որի ընթացքում վետերանները, կիսվելով իրենց փորձով, երիտասարդ, համակարգ նոր մտած քննչներին խորհուրդներ են տվել՝ աշխատանքի արդյունավետ կազմակերպման, քրեական վարույթներով քննչական և վարութային գործողությունների պլանավորման, առանձին իրավիճակներում արարքների ճիշտ քրեաիրավական որակման, ինչպես նաև՝ նախաքննության ընթացքում նախադեպային իրավունքի կիրառման և այլ խնդիրների վերաբերյալ:

Վետերանների կողմից երիտասարդ մասնագետների ուշադրությունն առանձնակի հրավիրվել է քաղաքացիների ընդունելության և նրանց հետ հաղորդակցության, միջանձնային հարաբերությունների հմտությունների վրա:

Քննիչներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ավագ սերնդի ներկայացուցիչներին, ծավալվել է մտքերի փոխանակում քննչական աշխատանքի, քրեադատավարական ընթացակարգերի առանձնահատկությունների շուրջ։

Ինչպես վետերանները, այնպես էլ սկսնակ քննիչները կարևորել են նմանօրինակ հանդիպումները՝ նոր ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց փորձառության, սխալներից և բացթողումներից խուսափելու հմտությունների ձեռքբերման առումներով։