Լրահոս
29.10.19, 07:28

Քննչական կոմիտեի Էրեբունու բաժնի ծառայողները բացահայտել են 14 տարի առաջ կատարված սպանություն. մեկ անձ ձերբակալվել է (լուսանկարներ)

Քննչական կոմիտեի Էրեբունու բաժնի ծառայողները բացահայտել են 14 տարի առաջ կատարված սպանություն. մեկ անձ ձերբակալվել է (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Երևանի բնակչուհու՝ Ն. Յաղուտյանի՝ դեռևս 2005թ. կատարված սպանությունը: Մեկ անձ ձերբակալվել է:

2019թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 22:40-ին, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ 2014 թվականին իր հանգուցյալ հորից տեղեկացել է, որ տարիներ առաջ հորաքույրը, հորաքրոջ որդին և վերջինիս կինը, իր մյուս հորաքրոջը որոշ ժամանակ հյուրընկալելով Երևան քաղաքի Նոր Արեշ 11-րդ փողոցում գտնվող իրենց տանը, այնտեղ սպանել են նրան և թաքցրել դին:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով,  որն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ, կազմվել է քննչական խումբ:

Քրեական գործով իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1972թ.:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1937թ. ծնված Ն. Յաղուտյանի ամուսնու ազգականները, իմանալով, որ Յաղուտյանն ունի մեծ քանակությամբ ոսկյա զարդեր,դրանց տիրանալու նպատակով վերջինիս սպանել են Նոր Արեշ 11-րդ փողոցում գտնվող իրենց տանը , գողացել նրա ոսկյա զարդերը և դին թաղել տան ննջասենյակներից մեկի տակ գտնվող նկուղում:

Նշված հասցեում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկության արդյունքում տան ննջասենյակի տակ գտնվող նկուղում հայտնաբերվել և առգրավվել են մարդու դիակի մասունքներ՝ գանգ, ոսկորներ, ինչպես նաև՝ հագուստներ և քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր:

47-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ իր մոր քեռու կնոջը՝ Ն. Յաղուտյանին, սպանելու կասկածանքով և տվել խոստովանական ցուցմունք:

Քրեական գործով հարցաքննվել են կասկածյալի ընտանիքի անդամները, հայտնաբերված մասունքներով և հագուստներով նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: