Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ (լուսանկարներ)
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ՝ ծանոթանալու մարզային քննչական վարչության կողմից նախորդ տարի կատարված աշխատանքներին:
Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Կարեն Թորոսյանը զեկուցել է 2018 թվականի ընթացքում մարզային վարչության կողմից կատարված աշխատանքները:
2018 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզի տարածքում արձանագրվել է հանցագործության 932 դեպք` նախորդ տարվա 738 դեպքի դիմաց:
Արձանագրված հանցագործության դեպքերի 71 տոկոսը բացահայտվել է:
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահը ոլորտ առ ոլորտ քննարկել է հարուցված քրեական գործերի ընթացքը: Դրանք առավել արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև քննիչների կողմից դեպքի վայրի զննության ընթացքում թույլ տրված վրիպումները շտկելու վերաբերյալ տվել հանձնարարականներ:
ՔԿ նախագահը նշել է, որ ստորաբաժանման ղեկավարը քննչական վարչությունում և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ պարբերաբար պետք է անցկացնի խորհրդակցություններ՝ անձնակազմի տեսական գիտելիքների կատարելագործման, քրեական գործերի քննության ընթացքի, ինչպես նաև՝ առաջացած խնդիրներին արագ լուծումներ տալու նպատակով:
«Պետք է գնանք կատարելագործման ճանապարհով և չբավարարվենք ձեռք բերածով: Մեր խնդիրը թվեր ապահովելը չէ, այլ նախաքննության բարձր որակի ապահովումը: Քննիչների ծանրաբեռնվածությունը չպետք է ազդի նախաքննության որակի վրա»,- ընդգծեց ՔԿ նախագահը:
Հայկ Գրիգորյանն անդրադարձավ սպասվող ատեստավորմանը՝ նշելով, որ այն գիտելիքների իրական պատկերը տեսնելու միջոց է. «Ատեստավորումն ինչ որ մեկից ազատվելու միջոց չէ, այլ՝ գիտելիքների իրական պատկերը տեսնելու լավագույն տարբերակ: Տեսական գիտելիքները պետք է լինեն պատշաճ մակարդակի վրա, հակառակ դեպքում մեր կողմից կոշտ քայլերը չեն ուշանա»,- ասաց Հայկ Գրիգորյանը:
ՔԿ նախագահը փաստեց, որ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նախապայմաններից է կոլեկտիվում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը. «Ստորաբաժանման ղեկավարը պարտավոր է աշխատավայրում ապահովել բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ, որը նպաստելու է աշխատանքների առավել գրագետ կազմակերպմանը»,- շեշտեց Հայկ Գրիգորյանը:
Հայկ Գրիգորյանը Գեղարքունիքի մարզային քննչական վարչության աշխատանքը գնահատեց դրական և վարչության պետին հանձնարարեց ծառայության ընթացքում առավել լավ ցուցանիշներ արձանագրած աշխատակիցներին ներկայացնել խրախուսման: